Այո, Ադրբեջանը շատ կառուցողական է տրամադրված, նա ուզում է կառուցել մեր գերեզմանները. Դավիթ Բաբայան

«Մենք մեր տեսակետից ավելի ազատ կարող ենք արտահայտվել եւ ասել՝ այո, Ադրբեջանը շատ կառուցողական է տրամադրված, նա ուզում է կառուցել մեր գերեզմանները եւ չի թաքցնում իր այդ մոտեցումը: Դա եւ Ալիեւն է ասում, եւ Ադրբեջանի մյուս բոլոր ղեկավարները, մսուր-մանկապարտեզներից այնտեղ այդ գաղափարն են սերմանում: Սա է իրենց կառուցողական մոտեցումը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը ՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին արած հայտարարությանը, թե Ադրբեջանը կառուցողական է տրամադրված եւ ցանկանում է հակամարտությունը կարգավորել:

Հայաստանի վարչապետի նման գնահատականը, ըստ Դավիթ Բաբայանի, բանակցային գործընթացի շարունակականության ապահովմանն են միտված, սակայն, նրա խոսքով, պետք է տարանջատել բանակցային գործընթացն ու դիվանագիտությունը իրականությունից. «Բուն կարգավորման գործընթացում 1994 թվականից ի վեր որեւէ առաջընթաց չկա, ընդհակառակը, կա հետընթաց, որովհետեւ Ադրբեջանը շարունակում է իր կարծր դիրքորոշումը, բանակցություններն ընթանում են խեղաթյուրված ձեւաչափով եւ երկրորդ հարթությունը՝ կայունության եւ խաղաղության պահպանումն է, ինչը եւս շատ կարեւոր է»:

Այս տեսանկյունից, Դավիթ Բաբայանի խոսքով, հասկանալի է, որ ներկա դրությամբ, քանի դեռ այլ տարբերակ չկա եւ կողմերն իրարամերժ մոտեցումներ ունեն, շեշտը դրվում է կայունության եւ խաղաղության պահպանման վրա: Միեւնույն ժամանակ պաշտոնական Ստեփանակերտը կարեւորում է իրականությունից չկտրվելու հանգամանքը:

«Կարեւոր է՝ չկտրվել իրականությունից: Երկու դեպքում էլ կառուցողական բնութագրումը ճիշտ է, մի դեպքում՝ բանակցային գործընթացը պահպանելու, մյուս կողմից ՝ Ադրբեջանի իրական նպատակները հասկանալու: Եթե մենք այդ դիրքերից հանդես գանք, չկտրվենք իրականությունից եւ խաղի կանոններով շարունակենք մեր աշխատանքը, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք, եղբայրական պետությունների եւ ժողովուրդների հետ զարգացնենք հարաբերությունները, տեսնենք ՝ ինչ է մեր շրջապատը, մեր ռեսուրսները, ամեն ինչ նորմալ կլինի»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ադրբեջանական կողմը հակամարտությունն անգամ անվանում է ոչ թե «ղարաբաղաադրբեջանական» այլ «հայ-ադրբեջանական», ինչը , ըստ , վկայում է, որ իրենց նպատակը միայն Արցախը չէ, Երեւանն է, Սեւանն է…:

Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը, Դանիթ Բաբայանի խոսքով՝ Արցախի դիրքորոշումն անփոփոխ է եւ այս մասին հայտարարել է եւ նախագահ Բակո Սահակյանը եւ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Պաշտոնական Ստեփանակերտը 1994 թվականից խոսում է, մենք ասում ենք՝ խնդիրը ոչ թե տեխնոլոգիայի մեջ է, թե ինչպես ենք մենք կարգավորում հակամարտությունը, այլ՝ փիլիսոփայության: Մենք դեմ չենք փուլային տարբերակին, որպես կարգավորման տարբերակ, բայց եթե այդ փուլային տարբերակը մենք դիտարկում ենք Ադրբեջանի փիլիսոփայության տեսանկյունից, դա ոչ այլ ինչ է, քան Արցախյան պետականությունը ապամոնտաժելու քայլ, որովհետեւ իր նպատակը Արցախը ոչնչացնելն է՝ փուլ առ փուլ:

Բաբայանի խոսքով, եթե Ադրբեջանն ուզում է որպես տեխնոլոգիա փուլը ընտրել, այլ տարբերակ կա՝ փուլային փաթեթներով կարգավորել. «Առաջին փուլը թող լինի երկկողմ ճանաչումը պետությունների միջեւ՝ Ադրբեջանը ճանաչի Արցախին, մենք ճանաչենք Ադրբեջանին: Դա տարիներ կարող է տեւել, առաջին փուլը կավարտվի, առաջընթա՞ց է՝ առաջընթաց է, փո՞ւլ է, փուլ է: Կանցնենք երկրորդ փուլին՝ սահմանների հստակեցում, երրորդ փուլին, բայց Ադրբեջանը ասում է՝ Արցախը չի լինելու անկախ պետություն, դա իրենց հողն է: Սա անընդունելի է»,-շեշտում է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ առանց պատճառները վերացնելու հետեւանքները հնարավոր չէ կարգավորել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.