Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրվել դատարան․ փաստաբանական խմբի հայտարարությունը

Խաչատրյանների փաստաբանական խումբը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Երեկ, ապրիլի 29-ին, Գուրգեն Խաչատրյանը ստացել է ծանուցագիր քննչական մարմին ներկայանալու համար: Ծանուցագիրը ստանալիս և ապա փաստաբանի գրավոր դիմումի համաձայն Գուրգեն Խաչատրյանը նշել է, որ կներկայանա մի քանի ժամից՝ հարգելի պատճառով։ Սակայն երեկոյան փաստացի դատարան է մուտքագրվել Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն, ինչի մասին փաստաբանական խումբը տեղեկացել է քննիչից։ Փաստաբանները ստանալով մի քանի հատորից բաղկացած նյութերը ողջամիտ ժամանակ են խնդրել դրանց ծանոթանալու և պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար: Սակայն, փաստորեն չսպասելով նիստին, այսօր արդեն սկսել են լայնածավալ քննչական գործողություններ, ինչի իրավականության մասով հայտնում ենք մեր անհանգստությունը։ 

 

Անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ Գուրգեն Խաչատրյանին արդեն իսկ առաջադրված եղել է մեղադրանք և որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը չհեռանալու մասին: Այժմ մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել է որևէ քննադատության չդիմացող դրվագով: Ըստ նոր մեղադրանքի՝ Գուրգեն Խաչատրյանը աջակցել է կաշառք ստանալուն, այնինչ և գործի նյութերից և պարզաբանումներից հստակ երևում է, որ մեղադրանքում նշված գումարը փոխառություն է, փոխառության պայմանագիրը դեռ գործում է և պետք է վերադարձվի ժամկետի ավարտին: Հավելյալ տեղեկատվություն չենք ներկայացնի նախաքննական գաղտնիքը պահպանելու պահանջով պայմանավորված։

 

Անժրաժեշտ ենք համարում մատնանշել, որ նշված մեղադրանքը պետության կողմից ազատ տնտեսական գործունեության և մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն է: Հաշվի առնելով ՀՀ Կառավարության կողմից նախօրեին հնչեցված պաշտոնական հայտարարությունները (Վարչապետի խոսնակի գրառումները)՝ նշված գործընթացը դիտարկում ենք բացառապես ունեզրկման, սեփականության հարակդիր վերաբաշխման լույսի ներքո: Փաստացի պետք է արձանագրենք, որ Խաչատրյանների ընտանիքի հանդեպ գործողությունները, Գագիկ և Կարեն Խաչատրյաններին անազատության մեջ պահելը «պատանդի» կարգավիճակով ոչ թե ձեռնարկված միջոցներ են քրեական գործի քննությունն արդյունավետ իրականացնելու, քննությունից թաքնվելը կախելու կամ անձանց պատշաճ վարքագիծն այլ կերպ ապահովելու համար, այլ ոչ իրավաչափգործողություններ են շահադիտական նկատառումներով։

 

Հիշեցնենք` որ դեռ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Նա նաև տեղեկացրել էր, որ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում իրեն մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմնեի, ինչպես նաև առնչվող այլ անձանց նկատմամբ։ Եվ քանի որ, ըստ հաղորդագրության, Գուրգեն Խաչատրյանը հրաժարվել է ընդունել իրեն առաջադրված վերջնագրերը, այս գործողությունները ավելի քան սպասելի կարելի է համարել»։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.