Լուկաշենկոն հորդորում է դիմակներ չկրել, Զատկի տոնին գնալ եկեղեցիներ. Եվրոպայի միակ «բաց» պետությունը

 
 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ին խորհրդակցություն է անկացրել կորոնավիրուսի աշխատանքների համակարգման եւ կանխարգելման թեմայով: Այդ խորհրդակցության ժամանակ նա մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել: Առաջին հերթին Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում ոչ ոք կորոնավիրուսից չի մահացել եւ ստելու կարիք չկա. «Բելառուսցիները կորոնավիրուսից չեն մահանում, բելառուսցիները մահանում են խրոնիկ հիվանդություններից, որոնք պարզապես սրվում են COVID-19-ի ֆոնին»,-ասել է նա՝ հավելելով, որ իրենց երկիրն ունի դեղորայքի այն փունջը, որով կարող է փրկել մարդկանց:

Երկրորդ ուշագրավ հայտարարությունն այն մասին էր, որ ինքը կոչ չի անելու ոչ ոքի մնալ տանը Սուրբ Զատկի տոնին (ուղղափառ եկեղեցու օրացույցով Զատկի տոնը այս կիրակի է) եւ չի հորդորում չգնալ եկեղեցիներ. «Ես ոչ մեկին չեմ հորդորի Հարության տոնին մնալ տանը, ավելին՝ ես ինքս էլ եմ պատրաստվում գնալ եկեղեցի »,-հայտարարել է նախագահը: Միաժամանակ, սակայն, Լուկաշենկոն կոչ է արել ոստիկանությանը ուժեղացված ծառայության անցնել այդ օրը բոլոր եկեղեցիների մոտ, ինչպես նաեւ այն վայրերում, որտեղ մեծաքանակ ձու կամ զատկական խմորեղեն է վաճառվում:

Բելառուսի նախագահը կարծում է, որ ամբողջ աշխարհում մարդիկ մահանում են՝ չնայած երկրների՝ ինդիվիդուալ մեկուսացման մեթոդներին: Այս համատեքստում նա բոլորին, հատկապես՝ գյուղական բնակավայրերի բնակիչներին կոչ է արել հրաժարվել պաշտպանիչ դիմակներ կրելուց:

Նշենք, որ նախորդ ամբողջ շաբաթ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության խումբը աշխատել է Բելառուսի տարածքում եւ եկել եզրակացության, որ երկիրը մտնում է  կորոնավիրուսային համաճարակի նոր փուլ եւ իրավիճակը երկրում չափազանց անհանգստացնող է: ԱՀԿ-ն խորհուրդ է տվել Բելառուսի իշխանություններին՝ պատրաստվել իրավիճակի վատագույն սցենարին:

Բելառուսում ուսումնասիրություններ իրականացրած ԱՀԿ առաքելության խմբի  ղեկավար Պատրիկ Օքքոնորը հայտնել է, որ իրենք Բելառուս են մեկնել՝ երկրի իշխանությունների հրավերով եւ այնտեղ են եղել ապրիլի 7-11-ը: Նրանք այցելել են Մինսկի եւ Մինսկի շրջանի, ինչպես նաեւ Վիտեբսկի հիվանդանոցները, եղել մի քանի այլ վայրերում եւս, ուսումնասիրություններ իրականացրել եւ հորդորել երկրի իշխանություններին՝ պատրաստվել վատագույնին:

ԱՀԿ-ն հորդորել է ուժեղացնել վերահսկողությունը, արգելել զանգվածային միջոցառումները, այդ թվում՝ սպորտային առաջնությունները, անցնել հեռավար կրթության՝ փակելով ուսումնական հաստատությունները, ապահովել մեկուսացում ինֆեկցվածների համար՝ հատկապես խոցելի տարիքային խմբերի եւ խրոնիկ հիվանդություններով անձանց շրջանում:

Պատրիկ Օքքոնորը լրատվամիջոցներին հայտնել է, որ Բելառուսի իշխանությունները իրենց գործողություններին ոչ մի կերպ չեն խոչընդոտել, իրենց թույլ են տվել հանգիստ մուտք գործել եւ աշխատել այնտեղ, որտեղ ցանկացել են, այդ պատճառով էլ հնարավոր է եղել երկրում ստեղծված իրավիճակի մասին ամբողջական պատկեր ստանալ: Առաքելության ղեկավարը նաեւ հավելել է, որ այստեղ ծայրաստիճան կարեւորություն ունի, որ բնակչությունը հատուկ կարեւորությամբ հետեւի երկրի առողջապահության նախարարության ցուցումներին, իսկ նախարարությունն էլ իր հերթին՝ հետեւի միջազգային փորձին եւ բնակչությանն ամենօրյա ռեժիմով իրազեկի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի զարգացումների մասին:

Չնայած ԱՀԿ-ի բազմաթիվ հորդորներին, Բելառուսում չի չեղարկվել անգամ ֆուտբոլի առաջնությունն ու մայիսի 9-ի շքերթը:

Բելառուսում մինչ օրս գրեթե չեն կիրառվում սահմանափակումներ՝ կորոնավիրուսի դեմ պայքարին օգնելու համար: Երկրում համաճարակ հայտարարված չէ, փակ չեն սահմանները: Այն Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ չի չեղարկվել ֆուտբոլի առաջնությունը համաճարակի պատճառով ու նաեւ միակ երկիրը, որը պատրաստվում է մայիսի 9-ին Հաղթանակի օրվան նվիրված ամենամյա շքերին:  Ավելի վաղ իր տված աղմկահարույց հարցազրույցում Լուկաշենկոն բավական կոշտ էր արտահայտվել համաճարակային միջոցառումների մասին՝ ասելով. «Եթե մենք փակենք գործարաններն ու մարդկանց նստեցնենք տներում, ի՞նչ ենք վաղը լափելու: Ասում են՝ այսինչը մահացել է կորոնավիրուսից, նա վաղը դառնում էր 80 տարեկան, ինչու՞ էր դուրս եկել աշխատանքի: Ինչպե՞ս կարելի է ապրել 135 կգ քաշով, երբ ոչ սիրտն է ի վիճակի լինում աշխատել, ոչ էլ մյուս օրգանները, եւ դեռ խոսում են վիրուսից: Մենք չենք կարող պարզապես փակել ամեն ինչ եւ նստել, հասկանու՞մ եք՝ վաղն էլ ապրել է պետք»:

Բելառուսի առողջապահության նախարարության վերջին տվյալներով, երկրում գրանցվել է կորոնավիրուսի 2920 հաստատված դեպք, հիվանդներից 29-ը մահացել են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.