Դոլարի փոխարժեքի կտրուկ աճ կլինի ապրիլի 10-ից հետո. տնտեսագետ

Համաշխարհային տնտեսությունը ներկայումս գտնվում է ռեցեսիայի մեջ: Բոլոր ոլորտներում լուրջ անկում կա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նման իրավիճակում, տնտեսագետի խոսքով, բնական է հումքի, մասնավորապես նավթի նկատմամբ պահանջարկի կտրուկ նվազումը: Սակայն նավթ արդյունահանող խոշոր երկրները, այդ թվում Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան մրցավազք են սկսել, թե ով ավելի շատ նավթ կարդյունահանի և կվաճառի, ինչի արդյունքում մի կողմից ունենք նավթի նկատմամբ պահանջարկի նվազում, իսկ մյուս կողմից շուկայում նավթի առաջարկի աճ ունենք: 

«Սա հանգեցնում է նավթի շուկայում գների ցածր լինելուն: Չնայած ապրիլի 2-ին 1,2 տոկոսով նավթի գինը շուկայում ավելացել է, բայց կարծում եմ դա ուղղակի որոշակի փոքր աճ է, որից չենք կարող ենթադրել, որ գինը կշարունակի աճել: Թեպետ Չինաստանն արդեն սկսել է վերականգնել իր տնտեսական գործունեությունը և նշվում է, որ արտադրական հզորությունների 90 տոկոսն արդեն գործում է: Նշանակում է նավթի և մնացած հումքի նկատմամբ պահանջարկն աստիճանաբար կավելանա: Չեմ կարծում մոտ ժամանակներս նավթի անկում նկատվի»,-ասաց տնտեսագետը նկատելով, որ ոչ միայն նավթի գները, այլև տնտեսական իրավիճակն ուղղակի ազդեցություն են թողնում դոլարի փոխարժեքի վրա: Նման իրավիճակներում տնտեսագետի խոսքով մարդիկ ոչ թե փորձում են ձեռք բերել պարտատոմսեր, արժեթղթեր, այլ նախընտրում են իրենց գումարները պահել դոլարով. «Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում մարդիկ իրենց կապիտալը պահում են դոլարով կամ որևիցե արտարժույթով, որի գնողունակությունն աճում է կամ չի նվազում: Այս իրավիճակում մեր դրամի արժեզրկումը տրամաբանական էր և սպասելի: Դրա վրա մի շարք գործոններ են ազդում: Նախ՝ Ռուսաստանի գործոնը, քանի որ ռուբլին շատ կտրուկ արժեզրկվեց: Սրան նպաստեց նաև, որ պղնձի համաշխարհային գները նվազեցին, իսկ մեր արտահանման 24 տոկոսը պղինձն է կազմում: Այսինքն` երկիր արտարժույթի հոսքերը նվազեցին: Այսինքն` ունենք դրամի արժեզրկման տրամաբանական պրոցես, հակառակ դեպքում մեր ապրանքներն արտահանման շուկայում կթանկանային: Օրինակ, եթե դրամը չարժեզրկեինք, մեկ շիշ գինին, որը Ռուսաստանում ենթադրենք 500 ռուբլի է, կդառնար 600 ռուբլի: Մեզ համար շատ կարևոր են մեր արտահանման շուկաները պահպանելը»,-ասաց տնտեսագետը:

Դրամի արժեզրկումը, սակայն, իր հերթին լուրջ խնդիրներ է առաջացնում մեր տնտեսության համար, քանի որ Հայաստանը ներկրող երկիր է, մասնավորապես առաջին անհրաժեշտության ապրանքներ: Տնտեսագետը գտնում է ո'չ նախորդ, ո'չ էլ ներկայիս կառավարությունը պարենի ինքնաբավության ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել, ինչի հետևանքով մենք կրկին ներկրում ենք առաջին անհրաժեշտության ապրանքներ. «Հիմա դրանք կթանկանան, իսկ կառավարությունն այդ թանկացումը կարող է մեղմել միայն սոցիալական ծրագրերով, այն է նպաստների, աշխատավարձերի բարձրացմամբ, զուգահեռաբար խրախուսելով նաև գյուղատնտեսությունը»,-ասաց Սուրեն Պարսյանը:

Հարցին արդյոք առաջիկայում սպասվում է դոլարի, եվրոյի փոխարժեքի կտրուկ բարձրացում, Սուրեն Պարսյանն ասաց. «Դոլարի փոխարժեքի կտրուկ աճ կլինի ապրիլի 10-ից հետո, երբ կառավարությունը սկսի իրականացնել իր աջակցության ծրագրերը: Այսինքն` դրամ կլցվի տնտեսության մեջ: Բայց տնտեսության մեջ դրամ լցնելով միաժամանակ կառավարությունը չի կարողանում ապահովել համապատասխան քանակությամբ ապրանքներ շուկայում: Մի կողմից մարդկանց ձեռքը գումար է ընկնում, բայց մյուս կողմից այդքան շատ ապրանքներ շուկայում չի լինելու: Դրան զուգահեռ նաև դոլարի փոխարժեքն էլ է հիմա բարձր, գներն էլ են բարձրանում և սա հանգեցնելու է դրամի արժեզրկման հերթական ալիքի, եթե կառավարությունը չկարողացավ ապահովել մեր տնտեսությունն անհրաժեշտ ապրանքներով»,-ընդգծեց Սուրեն Պարսյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.