Վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հավելյալ ուժեր ենք ներգրավելու

Սահմանափակումները ևս 10 օրով երկարաձգելը մեզ թույլ է տալու ամբողջապես ծավալել կանխարգելման և մեկուսացման աշխատանքները, օգնել համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին՝ էֆեկտիվորեն հայտնաբերել այն անձանց, ովքեր վարակակրի հետ շփումներ են ունեցել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Մեր նպատակն է հնարավորինս այս տեխնոլոգիաները զարգացնելուն համահունչ ավելացնել նաև թեստավորման քանակները, և այս պրոցեսին համահունչ նաև հնարավորինս նվազեցնել սահմանափակումները: Այս շաբաթվա տեղաշարժի և գործունեության սահմանափակումներն ամենացայտուն կերպով տեսանելի էին կիրակի օրը: Տարբեր ցուցանիշներով համոզվել ենք, որ մարդկանց տեղաշարժն էականորեն նվազել է և կիրակի օրն ունեցել ենք մարդկանց տեղաշարժի առումով բացառիկ ցուցանիշ, որը վարակի տարածման կանխարգելման առումով շատ դրական են»,-ասաց պարետը:

Վերջինս նշեց, որ հասկանում են` այս սահմանափակումները չեն կարող անվերջ լինել և իրենք գնում են այն երկրների օրինակով, որոնք կարողացել են էֆեկտիվ և տեխնոլոգիապես հագեցված կանխարգելել և մեկուսացնել. «Սինգապուրում դպրոցները բաց են: Չկա որևէ կառույց կամ գործունեության տեսակ, որն արգելված է, բայց այնքան են տեխնոլոգիապես վերազինվել, որ էֆեկտիվորեն կարողանում են վարակակիրներին արագ հայտնաբերել և նրանց հետ շփված անձանց»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Նա չբացառեց, որ առաջիկա 10 օրերին կարող է կրկին մարտավարություն փոխվել: Սահմանափակումներն ավելի են խստացվելու, իսկ վերահսկողությունն ավելի արդյունավետ պետք է դարձնել. «Ոստիկանության ուժերին միացնելու ենք այլ կառույցներից տարբեր ուժեր, որովհետև վերահսկողությունը ծանր աշխատանք է: Վերահսկողության էֆեկտիվությունը բարձրացնելու նպատակով հավելյալ ուժեր ենք ներգրավելու»,-հավելեց Տիգրան Ավինյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.