Արայիկ Հարությունյանը` հեռավար ուսուցման խնդիրների մասին

Մենք այսօր ամփոփում ենք այս մեկ շաբաթվա դասապրոցեսների արդյունքները եւ մարզերից ստացված տեղեկությունների համաձայն՝ 80% եւ ավելի ներգրավվածություն ունենք այս պրոցեսում։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին, թե ինչպե՞ս են լուծվելու այն աշակերտների խնդիրները, որոնք ունեն տեխնիկայի կամ ինտերնետի բացակայություն, նախարարը պատասխանեց, որ այն ներգրավածությունը, որ հիմա առկա է, հավասար է հունվար-փետրվար ամիսների միջին հաճախումներին։ «Մենք կարողացել ենք մեծամասնության ներգրավվածությունն ապահովել, բայց իհարկե կան խնդիրներ սարքերի եւ ինտերնետի, մենք վաղը հանդիպում ունենք սարքերի հետ կապված, բացի այդ շատ անհատներ եւ կազմակերպություններ դիմել են մեզ՝ համակարգիչներ եւ սարքեր տրամադրելու հարցով։ Մեր տպավորությամբ՝ մեծ տոկոս չի կազմում ինտերնետին հասանելիություն չունեցողների թիվը։ Օպերատորների հետ խոսել ենք եւ պատրաստվում ենք նաեւ ծածկույթի հարցը լուծել այնտեղ, որտեղ խնդիր կա»,- վստահեցրեց նախարարը։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք կարիք կլինի հետաձգել ամառային արձակուրդները լրացուցիչ դասեր անելու համար, Հարությունյանն ասաց․ «Առաջին օրվանից, երբ մենք անցանք հեռավար կրթության, հայտարարեցինք, որ 2 շաբաթների արդյունքում կամփոփենք եւ կհասկանանք՝ արդյո՞ք լրացուցիչ դասընթացների կարիք կա, թե՝ ոչ։ Մեր տպավորությամբ՝ այն ոգեւորությունը եւ ներգրավածությունը, որ կա, ցույց է տալիս, որ եթե նույնիսկ լրացուցիչ դասընթացների կարիք լինի, ապա քիչ դասընթացների կարիք ենք ունենալու»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.