4.5-ամյա Անգելինայի վիրահատությունը տևել է 7-8 ժամ. Երեխան վերակենդանացման բաժնում է

4.5 ամյա Անգելինայի վիրահատությունը տևել է 7-8 ժամ։ Ձախ արհեստական սիրտը բարեհաջող տեղադրվել է և բավական լավ է աշխատում։ Երեխան այժմ վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է, ունի աջ փորոքային և թոքերի խնդիր։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց մանկական սրտաբան Հովհաննես Զոհրաբյանը։

Վերջինս մանրամասնեց՝ երեխան տարիներ շարունակ եղել է բժիշկների հսկողության տակ։ Նա սրտամկանի բորբոքում է ունեցել, որից հետո երեխայի մոտ զարգացել է դիլատացիոն կարդիոմիոպաթիա, այսինքն սրտամկանը կորցրել է հիմնական ֆունկցիան։

«Հետզհետե վիճակը բարդացել է։ Վերջում արդեն երեխայի սիրտը շատ վատ էր կծկվում և արդեն սրտային անբավարարության մեջ էր։ Հիվանդանոց ընդունվելուն պես դեղորայքային բուժում էր կատարվում, բայց դա այդքան արդյունավետ չէր»,-ասաց Հովհաննես Զոհրաբյանը։

Նորք Մարաշ ԲԿ-ի սրտային վիրաբույժ Գագիկ Հեբոյանի խոսքով սկսեցին արհեստական սրտի փնտրտուքները և առաջին անգամ այն հայտնվեց Հայաստանում.

«Այդքան հեշտ չէ ֆիրմային համոզել 2-3 օրվա կտրվածքում գործիքը հասցնել մի տարածաշրջան, որն իրենց համար խոշոր առումով շուկա չէ։ Ցավալին այն է, որ մինչև գործիքի գալը երեխան սրտի կանգ ունեցավ, և երկարատև արհեստական աշխատանքից հետո ստացվեց երեխայի սրտի աշխատանքը վերականգնել և միացնել արհեստական շնչառության»,-հավելեց վիրաբույժը։

Նշենք, որ ավելի վաղ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել։

«Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար։ Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները։

Շնորհակալություն բոլորին, ով իր լուման ներդրեց այս վեհ գործում»,-գրել էր Արսեն Թորոսյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.