Նոր թափ կստանան «երիտասարդ ընտանիքների», ինչպես նաև «բնակարան զինծառայողներին» ծրագրերը. Նիկոլ Փաշինյան

Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես խոստացել էր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների` ամենաշատ «լայքեր» հավաքած հարցերին: Հարցերից առաջինը վերաբերում էր երիտասարդ ընտանիքներին հիփոթեքով տրամադրվող բնակարանների մատչելիությանը և հասանելիությանը։ «Ի՞նչ նորություններ կան այս ծրագրի շրջանակներում,որքանո՞վ է իրական , որ միջին աշխատավարձ ստացող զույգը կարող է և՛ բնակարան ձեռք բերել, և՛ պահել գոնե 1 երեխա»,- ասված էր հարցում: Վարչապետը կարևորեց հարցը և տեղեկացրեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ԿԲ-ի հետ այս թեմայով աշխատում են և վաղը առավոտյան այս թեմայով խորհրդակցություն են հրավիրել: «Կարծում եմ, որ այստեղ լավ լուրեր ունենք, առաջինը կշարունակվի և նոր թափ կստանա երիտասարդ ընտանիքների ծրագիրը, և կմեկնարկի «բնակարան զինծառայողներին» ծրագիրը, նորությունն այն է, որ մենք այստեղ կունենանք հիփոթեքային վարկի աննախադեպ ցածր տոկոս, և մեծ է հավանականությունը, որ ծրագրով կունենանք 7-7,5 տոկոսանոց հիփոթեքային վարկեր և բավականին մեծ ծավալով կիրականացնենք ծրագիրը»,- ասաց նա և նշեց, որ զինվորականների դեպքում ստացվում է՝ անտոկոս վարկ է տրամադրվում: Նա նշեց, որ ըստ ԿԲ-ի՝ 20 միլիոն դրամանոց բնակարանի համար ամիսը անհրաժեշտ կլինի վճարել հարյուր հազար դրամ: Ինչ վերաբերում է կանխավճարներին, ապա վարչապետն ասաց, որ զինվորականների դեպքում նախատեսվում է, որ այն լինի տասը տոկոս, իսկ երիտասարդ ընտանիքների դեպքում մեծ հավանականությամբ` 30 տոկոսից կիջնի քսան տոկոս: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ սրանք նախնական տեղեկություններ են: «Մենք հիմա խնդիր ենք դրել այդ ծրագրերի շրջանակներում շինարարությունը չկենտրոնանա Երևանում, այլ նաև մարզերում»,- ասաց նա։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.