Հեղափոխական շունչը պետք է արտահայտվի նաեւ պետական վերահսկողության ոլորտում. Նիկոլ Փաշինյան (Ֆոտո)

Հեղափոխական շունչը պետք է արտահայտվի նաեւ պետական վերահսկողության  ոլորտում: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանին ներկայացնելիս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն օրենքով ունի բավականին լայն լիազորություններ եւ հույս հայտնել, որ Դավիթ Սանասարյանի գործունեությունը կլինի արդյունավետ: «Ծառայության հիմնական խնդիրն է վերահսկողության տակ պահել պետական միջոցների ծախսման արդյունավետությունը, կառավարության որոշումների եւ վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում՝ հակակոռուպցիոն բնագավառում: Համոզված եմ, որ Պետական վերահսկողական ծառայությունը կարեւոր դերակատարում է ունենալու մեր քաղաքական հռչակած նպատակի, այն է՝ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու գործում: Սա չափազանց կարեւոր խնդիր է եւ փոխկապակցված է պետական միջոցների ծախսման արդյունավետության եւ կայացված որոշումներն ի կատար ածելու հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի կարծիքով՝ արագ արդյունքների հասնելու համար պետք է առաջինը կարողանալ ճիշտ որոշումներ կայացնել, երկրորդը՝ իրագործել դրանք: Վարչապետը կարեւորել է պետական եկամուտների ավելացումը  եւ ընդգծել, որ Հայաստանում պետք է իրականացվեն շոշափելի ու նկատելի փոփոխություններ: «Դավիթ Սանասարյանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական  հեղափոխության ակտիվ մասնակիցներից ու առաջնորդներից մեկն է: Կարծում եմ, որ այդ հեղափոխական շունչը, բառիս լավ իմաստով, պետք է նաեւ արտահայտվի պետական վերահսկողության ոլորտում: Ես, պարո՛ն Սանասարյան, հաջողություն եմ մաղթում Ձեզ: Մեր ժողովուրդը մեզնից արդյունքներ է սպասում եւ մենք պետք է հուսախաբ չանենք մեր գործունեության որեւէ ոլորտում, որեւէ ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Դավիթ Սանասարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վստահության համար եւ պատիվ համարել մասնակցել պետության հիմքերի առողջացման գործին: «ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով լիազորված ամբողջ ծավալով ծառայությունն իրականացնելու է լուրջ գործունեություն եւ վստահեցնում եմ, որ դրանից միայն ու միայն շահելու է պետությունը: Պետական վերահսկողական այս նորաստեղծ ծառայության հիմնական առաքելությունը պետք է լինի կառավարության, վարչապետի որոշումների եւ հանձնարարականների նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, պետական միջոցների արդյունավետ ծախսմանը նպաստելը, կոռուպցիայի հայտնաբերումն ու կազմաքանդումը, ինչը կարեւոր է եւ մեր քաղաքացիները հենց դա են սպասում»,- ասել է Դավիթ Սանասարյանը՝ ավելացնելով, որ իր գլխավորած ծառայության ուշադրության կենտրոնում է լինելու պետական մարմինների արդյունավետության բարձրացումը, քաղաքացի-պետություն հարաբերություններում նոր որակի մշակույթի ներդրումը եւ «օդում կախված» բազմաթիվ առեղծվածային ու հնչեղություն ունեցող գործերի ուսումնասիրությունն ու թափանցիկության ապահովումը: https://youtu.be/vO7K7rlrwsE
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.