Ինչու վերահսկող կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում ճանապարհի որակի համար. Փաշինյան

Կառավարությունն այսօր՝ մայիսի 24-ի իր նիստում լրացում կատարեց իր որոշումներից մեկում, որի նպատակն է թույլատրել ֆրանսիական «Սաֆեժ» ընկերությանը Ֆրանսիայի օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված փաստաթղթերի հիման վրա Մ-6, Վանաձոր - Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի շրջանակներում զբաղվել «քաղաքաշինական փաստաթղթերի մշակում» եւ «շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակներով: Նախագիծը ներկայացրեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե եթե հետո պարզվի որակի հետ կապված խնդիր ունի, այս կազմակերպությունը որակի համար պատասխանատո՞ւ է.. «Շինարարական կազմակերպությունը պատասխանատու է իր աշխատանքի համար, իսկ տեխնիկական վերահսկողը պատասխանատվություն չի՞ կրում իր վերահսկողության համար: Մենք վերահսկողի լիազորությունը պատվիրակում ենք մասնավորին, որ ինքը վերահսկի, քանի որ պետությունը միշտ չէ, որ արդյունավետ է վերահսկում: Հիմա մենք նաեւ պետք է երաշխիքներ ունենանք, որ վերահսկողը պատասխանատու է իր վերահսկողության որակի համար»: Նախարար Հակոբյանը համաձայնեց վարչապետի հետ նշելով, որ երբեմն այնքան քիչ գումարով են մրցույթները շահում, որ հնարավոր չէ, ասենք 30 հազար դրամ աշխատավարձով հսկիչը ամբողջ օրը կանգնի շինարարության գլխին ու վերահսկի: «Փաստորեն որակը դնում ենք վտանգի տակ: Բայց այս դեպքում պայմանագիրն արդեն կնքված է, մենք միայն թույլտվություն ենք տալիս: Մենք տեղական հսկողների հետ էլ նման նորմ չունենք, դրա համար բավական ցածր գնով շահում են մրցույթը, որակը չի ապահովվում»: Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որ այսուհետ նաեւ այս տեսանկյունից նայել փաստաթղթերը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.