Մշակույթի նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց վերապահված գործառույթները և ստացել հանձնարարականներ

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս 3 աշխատանքային օրերի ընթացքում տարբեր հանդիպումներ է ունեցել մշակույթի ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ /հանդիպումները դեռևս շարունակվում են/ և ծանոթացել նրանց կողմից բարձրացված հարցերին և ոլորտներում առկա խնդիրներին: Նախարարը նշեց նաև, որ նախարարի տեղակալներն ու աշխատակազմի ղեկավարն արդեն ներկայացրել են նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքները: «Սակայն ցանկություն ունեցա յուրաքանչյուրիցդ լսել ձեր ղեկավարած ստորաբաժանումներին վերապահված գործառույթների և ընթացիկ աշխատանքների մասին»,- հավելեց նախարարը: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի գործակալությունների, վարչությունների և բաժինների ղեկավարները նախարար Լիլիթ Մակունցին ներկայացրեցին իրենց ղեկավարած ստորաբաժանումների գործառույթներն ու դրանից բխող աշխատանքներն ու ընթացիկ հարցերը: Նախարարը շնորհակալություն հայտնեց աշխատակիցներին իրենց ստորաբաժանումներին վերապահված աշխատանքները համապարփակ ներկայացնելու համար, համոզմունք հայտնելով, որ յուրաքանչյուրն իրեն վստահված աշխատանքը կատարում է բարեխղճորեն: Այնուհետև նախարարը հորդորեց և պահանջեց աշխատակազմից լինել առավել պատասխանատու, բարձրացնել աշխատանքների կատարման արդյունավետությունը և տվեց համապատասխան հանձնարարականներ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.