Վարչապետը ՏՏ ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահի հետ հանդիպմանը հայտնել է, որ ՏՏ ոլորտը կդառնա տնտեսությունն առաջ մղող ուժերից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունին և գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019 թվականին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի  (World Congress on Information Technologies-WCIT) կազմակերպմանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը կարևորել է համաժողովի անցկացումը մեր երկրում և ընդգծել, որ կառավարությունը կգործադրի  բոլոր ջանքերը՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը լինելու է կառավարության առաջնահերթություններից և համոզմունք հայտնել, որ այս բնագավառը կդառնա տնտեսությունն առաջ մղող շարժիչ ուժերից մեկը:
 Նիկոլ Փաշինյանը և Իվոն Չուն պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կսկսի համաժողովի պատշաճ կազմակերպման աշխատանքները: Տիկին Չունն ընդգծել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսը շահագրգռված է ՀՀ կառավարության հետ սերտ փոխգործակցությամբ և ներկայացրել Թայվանի փորձը՝ համաժողովի կազմակերպման ուղղությամբ: Համաժողովին նախատեսվում է մոտ 80 երկրի 4500-ից ավելի պատվիրակների մասնակցություն։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.