ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության առաջին նիստը՝ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության նիստը բաց է լինելու լրագրողների համար: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե օրենսդրական արգելք չլինի, անհրաժեշտ չլինի փոխել օրենքը, ապա կառավարության նիստը բաց անցկացնելու հարցում խնդիր չի լինի: Ի դեպ, սովորաբար կառավարության նիստերը տեղի են ունենում հինգշաբթի օրերին, սակայն այս անգամ նիստը տեղի կունենա այսօր՝ ուրբաթ օրը: Նշենք, որ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: ԱԺ-ն Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե ԱԺ-ն հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալի Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.