Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը՝ փոխվարչապետ

Քիչ առաջ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ ըստ որոնց՝ Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ, իսկ Տիգրան Ավինյանը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ներկայացնում ենք հրամանագրերի տեքստերն ամբողջությամբ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արարատ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ նշանակել առաջին փոխվարչապետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ», «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Տիգրան ԱՎԻՆՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»: Արարատ Միրզոյանը ծնվել է 1979թ. նոյեմբերի 23-ին Երեւանում։ 2000թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Պատմաբան: 2004թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան։ Պետական ծառայող, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ:
 2005թ.՝ ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու։ 2003-2005թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 2005-2007թթ.՝ Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010թթ.՝ «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ մասնագետ: 2011-2012թթ.՝ «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալության վերլուծաբան: 2012-2013թթ.՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող, 2012թ. (հոկտեմբեր)-2013թ. (փետրվար) դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015թթ. եղել է  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար, 2014-2017թթ.` Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016թ.՝ կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով (2016թ.): Հեղինակ է հայաստանյան եւ միջազգային մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծությունների: Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Տիգրան Ավինյանը ծնվել է 1989թ․ փետրվարի 28-ին Երևանում։ 2005թ. ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը։ 2009թ. ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում։ 2011թ. ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման մասնագիտացմամբ՝ ստանալով մագիստրոսի կոչում: 2014թ. ավարտել է Լոնդոնի Քուին Մերի համալսարանը` ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում։ 2014թ.-ից հիմնադրել և ղեկավարում է «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ։ Ընկերությունը հիմնականում համագործակցում է ամերիկյան, բրիտանական, ավստրալական և սինգապուրյան ընկերությունների հետ։ 2014-2016թթ. աշխատել է որպես SAP համակարգերի խորհրդատու ՇՏԵ ընկերությունում, տեղադրում է իրականացրել «Քոնթուր Գլոբալ» ընկերության համար (Որոտան ՀԷԿ-երի կասկադ)։ 2014-2015թթ. համահիմնդարել և աշխատել է որպես ֆինանսական տնօրեն «ՖԱԵՄ. ապրող զարդեր» ընկերությունում։ 2009-2013թթ․աշխատել է Զարգացման հայկական բանկում՝ որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ։ 2010-2011թթ. հիմնադրել և ղեկավարել է «Իրիգեյթ» ընկերությունը, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով։ 2017թ․ «ԵԼՔ» դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորության թեկնածու Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում։ 2017թ․ նշանակվել է «ԵԼՔ» դաշինքի մամուլի խոսնակ։ 2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, կուսակցության հիմնադիր անդամ է։ 2016թ․ ՀՀ պաշպանության նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ ապրիլ և մայիս ամիսներին Հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցելու, առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճորեն կատարելու համար։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր:    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.