Ե՞րբ է ձեւավորվելու Փաշինյանի կառավարությունը եւ երբ է այն ներկայացնելու իր ծրագիրը

[caption id="attachment_204385" align="alignnone" width="600"] Armenian opposition leader Nikol Pashinyan attends a rally after his bid to be interim prime minister was blocked by the parliament in Yerevan, Armenia May 1, 2018. REUTERS/Gleb Garanich[/caption] Հայաստանի Սահմանադրության 150-րդ հոդվածի համաձայն, վարչապետ նշանակվելուց հետո 15-օրյա ժամկետում (մինչեւ մայիսի 23-ը) նոր վարչապետը (Նիկոլ Փաշինյանը) պետք է ձեւավորի նոր կառավարություն: Ըստ նույն հոդվածի, իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան:  Սահմանադրական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը  նշանակված է համարվում իրավունքի ուժով: Քանի որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է աշխատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ամենայն հավանականությամբ, նա առանց առարկության կնշանակի կառավարության ներկայացված անդամներին, իսկ դա նշանակում է, որ կառավարությունը ձեւավորված կլինի ոչ թե 15 օրում, այլ 8-օրյա ժամկետում (մայիսի 16): Սահմանադրության 151-րդ հոդվածն էլ նախատեսում է, որ կառավարության ձեւավորումից հետո 20-օրյա ժամկետում վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Այս պարագայում գործում է Սահմանադրության 92-րդ հոդվածը, որի համաձայն՝ անցկացվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ Ազգային ժողովի լուծարվելուց ոչ շուտ, քան երեսուն, եւ ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Հատկանշական է, որ եթե կառավարության ծրագիրը չհաստատելու հիմքով ԱԺ-ն չցրվի, վարչապետն այլեւս մեկ տարից չի կարողանա ցրել խորհրդարանը: Խորհրդարանն արձակելու հաջորդ հնարավորությունը կստեղծվի մեկ տարի անց, երբ կարող է դրվել կառավարության վստահության հարցը: Նշենք, որ նոր օրենսդրական կարգավորումներով կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետից եւ 17 նախարարներից։ Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են Կառավարության անդամների առնվազն երկու երրորդը։ Լիազորությունները ստանձնած կառավարության անդամները երդվելու են ՀՀ նախագահի ներկայությամբ՝ նրա նստավայրում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.