Կենսաթոշակի վրա արգելանք դնելու հետ կապված արձանագրվել են խախտումներ. ՀՀ վարչապետ

 Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձավ կենսաթոշակի և պետական նպաստների արգելադրման ընթացակարգերի խախտումներին: «Գործող օրենսդրական կարգավորումները սահմանում են առանձնահատկություններ՝ պետական կենսաթոշակի, նպաստների արգելանքի և բռնագանձման կիրառման դեպքերում։ Մասնավորապես՝ կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն 30 տոկոսի չափով, իսկ պետական նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել։ Միաժամանակ գործնականում արձանագրվել են նշված օրենսդրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է նաև տեխնիկական դժվարություններով, այդ թվում կենսաթոշակային համակարգի տվյալների էլեկտրոնային շտեմարանի՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը հասանելիության բացակայությամբ»,-  ասաց Կարեն Կարապետյանը։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետն Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարեց և Կենտրոնական բանկի նախագահին առաջարկեց 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ գործնականում պետական կենսաթոշակի, նպաստների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ վճարների արգելադրման, բռնագանձման օրենքով սահմանված սահմանափակումների և ընթացակարգերի լիարժեք պահպանելու վերաբերյալ, այդ թվում քննարկելով թվային գործիքների ներդրման և լուծումների նախատեսման հարցերը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.