«Արաքս» գիտահետազոտական ընկերությունը կլուծարվի

Վաղը կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակներում է «Արաքս» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին որոշման նախագիծը: «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով կապահովվի լուծարման հանձնաժողովի ստեղծումը: Լուծարման հանձնաժողովի ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում կապահովի «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին: «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո պետական բաժնեմասին համապատասխան դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
«Արաքս» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո պետությանը չպատկանող բաժնետոմսերի սեփականատերերի բաժնետոմսերի լուծարային արժեքը փոխհատուցվում է ընկերության գույքի վաճառքից գոյացած գումարներից, իսկ պետական բաժնեմասին համապատասխան գումարը փոխանցվում է ՀՀ պետական բյուջե: «Արաքս» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20%-ը մասնակի անհատույց սեփականաշնորհման արդյունքում պատկանում է աշխատավորական կոլեկտիվին, իսկ 80%-ը՝ Հայաստանի Հանրապետությանը: «Արաքս» ՓԲԸ-ի իրավաբանական հասցեն է՝ ք. Երևան, Գարեգին Նժդեհի 37/8: Գործունեության ոլորտը եղել է գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական, նախագծային աշխատանքների կազմակերպումը, սակայն ընկերությունը երկար տարիներ իր հիմնական գործունեությամբ չի զբաղվում: «Արաքս» ՓԲԸ-ի գույքի պահառության համար անշարժ գույքի մի մասը տրված է վարձակալության: Ընկերության գույքի պահառությունը և ընթացիկ պարտավորությունների մարումն իրականացվում է վարձակալությունից ստացված միջոցներով: Ընկերությունն ունի 6 աշխատող: 2017թ. հունիսի 12-ին կայացած «Արաքս» ՓԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ժողովում ընկերության 20% ոչ պետական բաժնեմասի սեփականատերերը հրաժարվել են 80% պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի գնման նախապատվության իրավունքից, որից հետո՝ ընկերությունը ևս հրաժարվել է բաժնետոմսերը ձեռք բերելուց՝ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով: ՀՀ կառավարության 13.04.2017թ. թիվ 396-Ա որոշման պահանջները կատարելու նպատակով, «Արաքս» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 80 տոկոս բաժնետոմսերը 134 118.0 հազար դրամ գնահատված արժեքով ներկայացվել է մասնավորեցման՝ դասական աճուրդով, սակայն աճուրդը չի կայացել գնորդ չլինելու պատճառով: Ընկերության կրեդիտորական պարտքերը 01.01.2018թ. դրությամբ կազմում է 1934,0 հազար դրամ: Ներկայումս ընկերության վարձակալների թիվը պակասել է, ինչի հետևանքով կրճատվել է նաև ֆինանսական մուտքերը, ինչն անհնարին է դարձնում ընկերության գույքի պահառությունը և ընթացիկ պարտավորությունների մարումը, ինչի արդյունքում ավելանում են ընկերության կրեդիտորական պարտավորությունները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.