Հայաստանում լիզինգային գործունեությունը զարգացնելու նպատակով կիրականացվեն օրենսդրական փոփոխություններ

 Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հանձնարարեց ներկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ՝ ուղղված լիզինգային գործունեության զարգացմանը: Վարչապետը նշեց, որ ներկայումս Հայաստանում լիզինգի ծառայություն են մատուցում 2 մասնագիտացված լիզինգային ընկերություններ, 31 ունիվերսալ վարկային կազմակերպություններից՝ 3 -ը, գործող 21 առևտրային բանկերից՝ 5-ը: «Նման ցուցանիշը պայմանավորված է տարբեր հանգամանքներով, այդ թվում օրենսդրական թերի կարգավորումներով, մասնավորապես՝ օրենսդրությամբ սահմանված չեն լիզինգի բոլոր տեսակները և դրանց առանձնահատկությունները, անհրաժեշտ խթանող մեխանիզմները, հստակ չեն նման պայմանագրերի վաղաժամկետ դադարեցման ընթացակարգերը, ինչպես նաև կողմերի պարտավորությունների լիարժեք շրջանակը»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ լիզինգային գործունեության տարածումը դրական ազդեցություն կունենա արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում, հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման տեսանկյունից, ինչպես նաև` կստեղծի բարենպաստ պայմաններ՝ բանկային ծառայությունների ընդլայնման համար։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ՝ ուղղված լիզինգային գործունեության զարգացմանը, այդ թվում անդրադառնալով թերի օրենսդրական կարգավորումների հստակեցման, պարզեցման, ինչպես նաև՝ ոլորտը խթանելու մեխանիզմների հարցերին։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.