Հայաստանն ու Մեքսիկան կստորագրեն ներդրումների խրախուսման համաձայնագիր

Հայաստանի և Մեքսիկական Միացյալ Նահանգների կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր: Համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում: Նախագծով սահմանված են Հայաստանի և Մեքսիկայի միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի պետության ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի պետության ազգային օրենսդրության համաձայն: Նախագիծը ներառում է հոդվածներ` ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, օտարման և համապատասխան փոխհատուցումների, հնարավոր վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ: Նախագծի առանձին հոդվածով սահմանված են նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու, տևողության և դադարեցման պայմանները, ինչպես նաև համաձայնագրի կիրառումը: Ելնելով վերոհիշյալից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նպատակահարմար է համարում համաձայնագրի ստորագրումը Հայաստանի Հանրապետության կողմից:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.