Անդրկովկասը վտանգված է…

Իրանի աշխարհացունց ահաբեկչությունների վերաբերյալ, թերևս, շարունակում են հնչել հաճախ իրարամերժ կարծիքներ. ոմանք կոչ են անում գույները շատ չխտացնել, ոմանք էլ այս ամենում, իրոք, չարագույժ ինչ-որ բան են տեսնում` համարելով տեղի ունեցածը վտանգավոր գործընթացի սկիզբ: Անկախ այն բանից, թե ով ինչ է մտածում տեղի ունեցածի կապակցությամբ, անկակած է, որ հարևան երկրի ալեկոծումը չի կարող դրական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, և, ընդհանրապես, մեզ այսօր անհրաժեշտ է հզոր Իրան`պայմանավորված այդ երկրի`Անդրկովկասում ունեցած ստաբիլիզացնող դերակատարմամբ: Չնայած քչերն են տեղի ունեցածում Հայաստանի համար իրական ու շոշափելի վտանգ տեսնում` համարելով  վերջին իրադարձությունները սովորական մերձավորարևելյան խժդժություն, սակայն  կասկած լինել չի կարող այն բանում, որ   Անդկովկասի վրա նույնպես այս ամենը կարող է հետք թողնել`դառնալով յուրատեսակ ստիմուլ վառոդով լի տակառի պայթեցման: Արդեն հայտնի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 10-ին ժամանելու են Հայաստան: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան: «Համանախագահների Երևան այցի ընթացքում նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդիական հարցերի քննարկում, այդ թվում վերջերս՝ ապրիլի 28-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ», - հայտարարել է Զախարովան: Հայտնի է նաև, որ տարածաշրջան այցի շրջանակներում համանախագահները այցելելու են նաև Ստեփանակերտ և Բաքու: Սրան զուգահեռ Թուրքիայի նախագահ Էրդողանն է հանդես եկել հայտարարությամբ, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն այդպես էլ չկարողացավ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը`ընդգծելով, որ հակամարտության գոյության ամբողջ ընթացքում ԵԱՀԿ ՄԽ գործունեությունն իրեն չի արդարացրել, և այն կարելի է անարդյունավետ համարել: Հարց է առաջանում`արդյոք արցախյան խնդրի շուրջ կրկին եռացող կրքերն ու Մերձավոր Արևելքում  օրերս ծավալված միջադեպերն ունե՞ն միմյանց միջև, կապ կամ արդյոք ՌԴ ակտիվացումը չի՞ նշանակում, որ Մոսկվան այստեղ վտանգ է տեսնում պատերազմի վերաբռնկման: Անկասկած է, որ Էրդողանի հայտարարությունն ամենևին էլ լավ բան չի հուշում, ու այդ հայտարարությունն, ըստ էության, թե՛ հակահայկական է, թե՛ հակառուսական. չմոռանանք, որ հենց ՌԴ-ն է  ամենաշահագրգիռ կողմը Մինսկի խմբի պահպանման, որն, ըստ էության, հանդես է  գալիս Մոսկվայի համար որպես գործիք` ԼՂ հակամարտությունը կառավարելի դարձնելու ու վերահսկելու հակամարտող կողմերին: Իհարկե, դժվար է պնդել, թե մեկ-երկու ահաբեկչություն կազմակերպելով Իրանում` հնարավոր կլինի այդ երկիրը գցել ներքին ցնցումների հորձանուտ, սակայն այն, որ Անդրկովկասում խաղաղության պահպանման համար կայուն Իրանը չափազանց մեծ դեր ունի, անկասկած է: Հետևաբար` ակնհատ է, որ ապակայունություն սերմանելով Իրանում`  համապատասխան ուժերը կարող են և հետզհետե ապակայությության որոմը տարածել նաև փխրուն Անդրկովկասում, ու պայթացնել ՌԴ հարավային սահմանները`այդ թվում և գործի դնելով ԻԼԻՊ-ին, որի ստեղծման բուն նպատակը նաև ՌԴ-ին հարված հասցնելն է: Հուսանք`իրավիճակը դուրս չի գա վերահսկողությունից:        
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.