Թոզփչոցի

Հայաստանը ներսից քայքայող ու այդպես էլ ոչ մի կերպ իր տրամաբանական վախճանին չմոտեցող գլխավոր ախտերից մեկն էլ, ինչպես հայտնի է, չարաբաստիկ կոռուպցիան է: Մեր երկրում սրա դեմ պայքարը, որքան էլ կարող  է ոմանց տարօրինակ թվալ, բավական տևական, սակայն խիստ անարդյունավետ պատմություն ունի: Չի եղել մի շրջան, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին ամենաբարձր ամբիոններից բարձրաձայնված չինի: Ինչպես կյանքն է ցույց տվել, սակայն, որքան շատ ու բարձրագոչ են եղել այդօրինակ ելույթներն, այնքան երկրում է՛լ ավելի մեծ ծաղկում է ապրել «կոռուպցիա» կոչեցյալը: Ինչպես հայտնի է, Կառավարությունը որոշում էր ընդունել  Բարձրաստիճան  պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման մարմին  ստեղծելու  վերաբերյալ: Այս նախաձեռնությունը միգուցե ոմանց ինչ-որ տեղ կարող է խոստումնալից թվալ` պայմանավորված Հայաստանում ընթացող որոշակի գործընթացներով կամ, ավելի ճիշտ, դրական իմիտացիա ստեղծելու որոշ բարձրաստիճանների ձգտումներով, սակայն կասկած լինել չի կարող, որ այս կառույցն իրականում« «թոզ փչելու» համար է ստեղծվելու, որի նպատակը ոչ այնքան հանրության «աչքերին թոզ փչելն» է, քանի որ Հայաստանում երբեք էլ հասարակության հետ  հաշվի չեն նստել, այլ` Արևմուտքի, ում հետ հարաբերություններ կառուցելիս  նմանատիպ հարցերն իրենց, այնուամենայնիվ, զգացնել են տալիս: Իրականում,  սակայն, կասկած լիել չի կարող այն բանում, որ կոռուպցիայի դեմ պայքարը նախևառաջ ու հատկապես Հայաստանին է անհրաժեշտ. երկիրն իրականում չափազանց ծանր դրության մեջ է հայտնվել  հենց կոռուպցիայի պատճառով, որը բուն արմատն  է հանդիսանում Հայաստանի պետական կառավարման համակարգի ձախողվածության: Հարց է առաջանում`  ունի՞,  արդյոք, պետությունն իրական կամք` խնդիրը լուծելու: Անշո՛ւշտ, չունի ու ունենալ էլ չի կարող, քանի որ Հայաստանում կոռուպցիան իրականում համակարգաստեղծ երևույթ է, ու ցանկացած մեկն, ով կհամարձակվի իրապես «սուր ճոճել» կոռուպցիա կոչվող երևույթի դեմ, «սուր ճոճած» կլինի  հենց պետական ողջ սիստեմի դեմ`դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Իսկ վերն ասվածից ընդամենը մեկ պարզ  բան է հետևում` ինչպիսի կառույց էլ ստեղծեն ներկայում կամ ապագայում կամ ինչ անվանում էլ դրան տան, խնդրի էությունը դրանից չի փոխվում. Հայաստանում ոչ ոք կոռուպցիայի դեմ պայքարելու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ այդքան թափ ու կշիռ. մեզ մոտ նմանատիպ կառույցներն ուղղակի ձևական բնույթ են կրում, ու ոչ ոք չի կարող բերել մի օրինակ, երբ այս կամ այն նմանատիպ կառույցի գործունեության արդյունքում «սայլը տեղից տեղաշարժված լինի».զուր հույսեր կապել պետք չէ:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.