«Քցողը» կամ Ծառուկյանի քաղաքական անողնաշարությունը

  Երբ հայտնի դարձավ, որ տարիներ առաջ մեծ խայտառակությամբ քաղաքական ասպրեզից հեռացված երկրի ամենահարուստ օլիգարխ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն, դժվար թե շատերի մտքով անցներ, որ Ծառուկյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն նույնքան անփառունակ է ստացվելու, որքան ժամանակին նրա` այդտեղից հեռանալը: Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է, ինչ կրքերը չեն դադարում եռալ «Ծառուկյան» դաշինքի մաս կազմող այն անդամների շուրջ, որոնք ընտրությունների արդյունքում պատգամավոր են ընտրվել դաշինքի տարածքային ու համամասնական ցուցակներով: Իսկ եռացող կրքերի առիթ տվել է, մասնավորապես, դաշինքի ներսում հետզհետե թափ հավաքած միսկրծոցին, որի հիմքն ու արմատը Ծառուկյան Գագիկի քաղաքական անողնաշարությունն է, եթե կարելի է այսկերպ արտահայտվել: Բանն այն է, որ դեռևս օրեր առաջ ակտիվորեն լուրեր էին պտտվում, որ Գագիկ Ծառուկյանը, հաշվի չառնելով որևիցե բան, միանգամայն ինքնագլուխ կերպով որոշումներ է կայացնում, թե ով է մանդատ վեցնելու: Արդյունքում` այնպիսի դեմքեր, ինչպիսիք Խաչիկ Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Արարատ Զուրաբյանը, Մանուկ Սուքիասյանը, Հարություն Ղարագյոզյանը, Հրանտ Դավթյանը, Սերգեյ Բագրատյանը, Արտյոմ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Արթուր Մանուկյանը հայտնվել էին չափազանց տհաճ ու իրենց համար միանգամայն անհասկանալի վիճակում: Շատերի անունից դիմումներ էին գրվել ու ուղարկվել ԿԸՀ`դիմումներ, որոնց բնույթը հրաժարողական էր. մարդիկ նույնիսկ չեն էլ իմացել, որ իրենց անունից դիմումներ են հղվել ԿԸՀ առ այն, որ իրենք հրաժարվում են իրենց պատգամավորական մանդատից: Եվ ահա մայիսի 3-ին, ապստամբելով շեֆի դեմ, նրանք Տիգրան Մուկուչյանից իրենց մանդատներն են պահանջել: Հիմա հարց է ծագում` ի՞նչ է սա: Իսկ այս ամենն, ըստ էության, վկայում է մեկ բանի մասին. գործ ունենք շարքային գցողի հետ` ի դեմս Գագիկ Ծառուկյանի: Մարդը, փաստորեն, իր ամենամտերիմ կուսակցիներին գցելու յուրատեսակ ակտ է իրականացրել, որը, սակայն, հաջողությամբ չի պսակվել. գցվածները որոշել են` ինչ էլ լինի` տեր կանգնել իրենց ստացած քվեներին: Այն, որ «Ծառուկյան» դաշինքն իր ձևավորման առաջին իսկ օրվանից բնավ էլ անկախ ուժ չի եղել, դժվար թե գտնվի մեկն, ով կասկածի տակ կառնի սույն իրողությունը. այս արհեստականորեն ստեղծված ու իր հիմքում որևիցե գաղափարական հենասյուն չունեցող ուժի կուրատորը Հովիկ Աբրահամյանն է եղել` սկսած ճիշտ այն օրվանից, երբ Աբրահամյանն ու Ծառուկյանը որոշեցին իրար հետ որսի գնալ. այդ օրը փոխվեց ամեն բան: Ու հիմա կասկած լինել չի կարող նաև այն բանում, որ տեղի ունեցածում Աբրահամյանի մատը ևս խառն է, մանավանդ, որ նրա դուստրն անմիջական կապ ունի տեղի ունեցածի հետ: Ասպիսով` ինչ եզրահանգման է պետք գալ` ականտես դառնալով այս ամենին: Եզրահանգումը մեկն է. հայ ժողովուրդն ուղղակի պետք է երջանիկ լինի, որ Գագիկ Ծառուկյանն իշխանության մաս չի կազմում, հակառակ պարագայում`դժվար չէ կռահել, թե ինչեր էին մեզ սպասվելու. գործ ունենք, ըստ էության, անկանխատեսելի, սեփական կարծիքը չունեցող ու անվստահելի մեկի հետ: Այնպես որ` խորհուրդ բոլորին` ընտրություն կատարելիս առաջնորդվե՛ք ոչ թե պահի տպավորություններով կամ դատարկ խոստումներ տվող ու դրանց համար պատասխանատվություն չկրողների համադամ խոսքերի գայթակղությանը տրվեք, այլ սթա՛փ դատեք ու հաշվի առեք այն, թե ով է ձեզ խոստումներ շռայլողը. դա էլ չլինի 15 միլիարդի պատմությունը…
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.