Միայն շոու. ուրիշ ոչինչ…

 Հայաստանում ստացվել է այնպես, որ որոշ բարձրաստիճաններ ավելի շատ սկսել են ուշադրություն դարձնել սեփական PR-ին, քան ռեալ գործ անել, ավելի շատ ձևացնել ու ինքնագովազդվել, քան երկրում իրական փոփոխությունների բերող քայլեր ձեռնարկել: Թե ինչով է սույն տխմար իրողությունը պայմանավորված, կամ նույն այդ ինքնագովազդվողներն ինչին են փորձում հասնել, այնքան էլ հասկանալի չէ, բայց որ ոմանց շոումենական տաղանդը բոլորովին էլ չի նպաստում հասարակության ակնկալիքների բավարարմանը, փաստ է: Շատերը նկատած կլինեն, որ հատկապես վերջին ամիսներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ճիգ ու ջանք չի խնայում` հանրությանն ապացուցելու, որ այս մարմինը, որի հետ է կապվում Հայաստանի տնտեսական հետադիմությունը, բարեփոխման ուղով է ընթանում, ու նախկինում բոլորին հայտնի արատներն այլևս տեղ չունեն համակարգում. ամիսը մեկ տարածքային ղեկավարներին են փոխում, բարեխիղճ հարկ վճարողներին են պարգևատրում, նույնիսկ «վիզ են դրել» հարկային մուտքերը բյուջե ավելացմելու: Մի խոսքով` ջանում են բոլորին ապացուցել, թե հին բարքերը հայրենի ՊԵԿ-ում ընդամենը պատմական հիշողություն են դարձել: Երբ հայտնի դարձավ, որ Հայաստանը դարձել է ադրբեջանական պտուղ-բանջարեղենի երկրորդային շուկա, ու հայաստանյան առևտրայն կետերում ազատ վաճառքի են հանվել ադրբեջանական խնձորները, բոլորին պարզ դարձավ, որ իրականում երկրում նորմալ վերահսկողություն չկա, ու ոչ ոքի խոշոր հաշվով չի հուզում, թե ազգաբնակչությունն ինչ է ուտում: Այս կապակցությամբ ավելորդ չէ հիշել վարչապետ Կարեն Կարապետյանի`միառժամանակ առաջ արտահայտած այն միտքը, թե շանտղություն է չիմանալը` մեր հարազատներն ինչ են ուտում: Հիմա հարց է առաջանում` արդյոք շանտղություն չէ՞ ՊԵԿ-ի կողմից, որի ղեկավարը նույն վարչապետի մտերիմն է, ադրբեջանական խնձորների ներմուծումը չարգելելն ու վերահսկողությունից դուրս թողնելն այն պարագայում, երբ դրանք կարող էին ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսանալ: Ո՞վ կարող էր երաշխավորել, որ դրանք թունավորված չեն, և կամ Ալիևի մատն այդ ամենում խառը չէ: Կներե՛ք, բայց ո՞ւր էր այդ ժամանակ պետությունը, ուր էր այն պետական մարմինը, որն ի սկզբանե պետք է բացառեր նմանատիպ երևույթի հավանականությունը Հայաստանում… Իրականում, սակայն, ադրբեջանական խնձորների հետ կապված այս պատմությունն ամենևին էլ միակը չէ Կառավարության ու, մասնավորապես, նույն ԿԱ պետական եկամուտների կոմիտեի բյուր բացթողումների մեջ ու հանդիսանում է ընդամենը մի թույլ օրինակ այն բանի, թե ինչպիսի կեղծ ու արատավոր մթնոլորտ է հաստատվել ՀՀ որոշ պետական մարմիններում: Ամեն բան նույնն է, ու ոչինչ երբեք չի փոխվում, որքան էլ կառավարության նիստերը կրքոտ մթնոլորտում ընթանան, կամ որքան էլ նույն ՊԵԿ-ը ինքնագովազդով զբաղվի:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.