Յա էղած, յա չեղած

Ասում են՝ շուտով Ռուսաստանը պատրաստվում է չեղարկել Թուրքիայի դեմ սահմանած տնտեսական պատժամիջոցները: Թե հատկապես որն է այդ չեղարկման պատճառն, իհարկե, դժվար չէ կռահել. վերջին ժամանակներս ռուս-թուրքական հարաբերությունները բավական ջերմացել են, ու Ռուսաստանի շահերից է բխում պատժամիջոցների չեղարկումը հատկապես այն պարագայում, երբ նույն այդ պատժամիջոցների պատճառով կողմերը բավական լուրջ վնասներ են կրել: Մասնավորապես, ինչպես պարզվում է, Մոսկվայում օրերս տեղի են ունեցել բանակցություններ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի և Թուրքիայի փոխվարչապետ Մեհմետ Շիմշեկի միջև, որոնք վերաբերվում են Թուրքիայի դեմ Ռուսաստանի հայտարարած պատժամիջոցների վերացմանը. կողմերը պայմանավորվել են առավելագույնս կարճ ժամկետներում չեղարկել պատժամիջոցները: Թե ինչ կարող է սա նշանակել Հայաստանի տնտեսության համար, կարծում ենք՝ այնքան էլ դժվար չէ պատկերացնել. շատ փորձագետներ արդարացիորեն տագնապ են հնչեցնում այս ամենի հետ կապված՝ փաստելով, որ պատժամիջոցների չեղարկումը նախևառաջ վնասելու է Հայաստանի տնտեսությանը, բայց հատկապես Հայաստանից Ռուսաստան կատարվող արտահանման ծավալների վրա: Հարց է ծագում, սակայն, այսքան ժամանակ մեզ որքանո՞վ է հաջողվել իրական օգուտներ քաղել այն հնարավորություններից, որ ընձեռվել էին մեզ ռուս-թուրքական հարաբերությունների սրացման շնորհիվ. Հայաստանը կարողացա՞վ, արդյոք, գոնե մասամբ զբաղեցնել ռուսական շուկայում թափուր մնացած այն տեղը, որի հետ շատերը հույս էին կապում. ժամանակին ամպագոռգոռ հայտարարություններ էին հնչում, թե շուտով Հայաստանից գյուղմթերքի արտահանումը ռեկորդային ծավալների է հասնելու, այնինչ իրականությունը փաստեց, որ գյուղացիներն իրենց բերքն առուներն էին լցնում: Ցավոք, այսօր հայաստանյան գյուղատնտեսությունն անգամ երկրի ներքին պահանջարկը լիովին չի կարողանում բավարարել, ուր թե կարողանանք արտահանում իրականացնել: Սա փաստ է, որը ոչ մի կերպ չես կարող հերքել:    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.