Տնտեսությունը կկործանվի

Պետական պարտքի չլուծվող խնդրի մասին Հայաստանում սովորաբար ընդունված է շատ չբաձրաձայնել: Սույն խնդիրն, այսպես ասենք, պատկանում է այնպիսի պրոբլեմների շարքին, որոնք, դիտարկվելով հարատև ու նույնիսկ անլուծելի, հաճախ անտեսվում են ճիշտ այնպես, ինչպես կանտեսվեր անբուժելի ցավը մի հիվանդի կողմից, ում խնդիրներն առանց այն էլ չափից դուրս շատ են: Գաղտնիք չէ, որ մեր երկրի արտաքին պարտքը այլևս կազմում է մոտավորապես 6 մլրդ դոլար: Դա ներքին համախառն արդյունքի կեսից ավելին է ու բյուջեի գրեթե կրկնակին: իսկ այս ամենը նշանակում է, որ ժամանակի ընթացքում եթե մեզ այդպես էլ չհաջողվի քիչ-քիչ, թեկուզ նվազ տեմպերով, քայլ առ քայլ փակել արտաքին պարտքն, ապա Հայաստանին, իսկ ավելի ճիշտ կլիներ ասել`նրա տնտեսությանն իսկական կործանում է սպասվում: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, սակայն, դատելով նրա հնչեցրած հայտարարություններից, այնքան էլ լուրջ չի վերաբերվում Հայաստանի տնտեսության առջև ծառացած թիվ մեկ խնդիրներից մեկին: Այսպես` որպես պետական պարտքի խնդրի լուծում Արամյանը տեսնում է ներքին պարտքի ավելացումը: Նրա խոսքերով`եթե մենք ունենք դեֆիցիտային բյուջե, մեր պարտքը պետք է աճի: Ներքին պարտքն ամեն դեպքում աճելու է այն մասով, որ ունենք դեֆիցիտային բյուջե և առաջիկա տարիներում էլ ունենալու ենք դեֆիցիտային բյուջե: Ներքին պարտքն ավելի լավ է, որովհետև դա քո ռեզիդենտների ձեռքում է կենտրոնացած, և մուլտիպլիկատիվ էֆեկտը շատ ավելի լավ է, որովհետև գումարները քո տնտեսությունից դուրս չեն հոսում, քո ռեզիդենտների մոտ են կուտակվում: Բայց ամեն դեպքում, եթե մենք ունենք դեֆիցիտային բյուջե, մեր պարտքը պետք է աճի: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս հիմնավորումը այնքան էլ զուրկ չէ օբյեկտիվ հիմքերից: Իրոք, ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան փողի արտահոսքը կասեցնելը: Սակայն Արամյանը, բոլորովին միտումնավոր, թե միանգամայն պատահմամբ, մոռանում է նշել, որ ներքին պարտքի կուտակումը իրականում խնդրի լուծում չի կարող լինել, քանի որ այն ժամանակի ընթացքում, եթե այդ քաղաքականությունը չվերանայվի, առաջ է բերելու անդառնալի հետևանքներ`տնտեսությունը կանգնեցնելով դեֆոլտի սպառնալիքի առջև. դեֆոլտն անխուսափելի է լինելու: Հիմա հարց է առաջանում` մի՞թե, այնուամենայնիվ, խնդիր է դրված դեֆոլտի գնալու, թե՞ իրենց մեջ ուժ կգտնեն ու բյուջեի դեֆիցիտը կփակեն ոչ թե ներքին պարտք կուտակելու հաշվին, այլ տնտեսությունը զարգացնելով` կփորձեն հարց լուծել, պարտք փակել, այլ ոչ միայն պարտք սպասարկել: Ցավոք, Հայաստանի տնտեսության ներկա մակարդակն այնպիսին է, որ ավելորդ հույսեր տածելն ուղղակի ինքնախաբեություն կլիներ, ակնհայտ է, սակայն, որ Արամյանի առաջակած ճանապարհը ևս լուծում չի կարող լինել. չափից դուրս վտանգավոր է:            
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.