Հանրապետականի կուտը` ընտրողներին…

Նրանք, ովքեր ակտիվորեն հետևում են քարոզարշավին, նկատած կլինեն, որ հատկապես ընդդիմադիր կուսակցությունները կամ գոնե այդպես թվալ ցանկացողները սեփական քարոզարշավը ծավալում են մեկ հիմնական սկզբունքով` իրականանալի կամ ոչ այնքան իրական խոստումներ տալով, խոստանալով, որ ասենք հարկերն իջեցնելուն զուգահեռ կտրուկ կբարձրանան աշխատավարձերն ու թոշակները, բանկային համակարգը ծայրից ծայր կբարեփոխեն, 100%-անոց պրոֆեսիոնալ բանակ Հայաստանը կունենա, եթե իրենց ժողովուրդը վստահության քվե տա և այլն: Մի խոսքով`պոպուլիզմ`առանց լուրջ հիմքերի: Սա` ընդդիմադիր դաշտում հանդես եկողները: Իսկ ի՞նչ է անում Հանրապետականն` իր կողմը գրավելու հասարակության ուշադրությունը: Իշխողներն էլ, ինչպես միշտ, իրենց թաքնված զենքերն են գործի դնում ու փորձում մեկ այլ կողմից հարցին մոտենալ: Մասնավորապես` հատկապես նախընտրական այս թեժ շրջանում, պարզվում է, ՀՀԿ-ի փիառին է միացել նաև պետական կառույցներից ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, որը հրապարակել է որոշ ցուցանիշներ, համաձայն որոնց՝ այս տարվա հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում կազմել է 6.2%: Էական աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում՝ 16.1%: Առևտրի շրջանառությունը, որը հասարակության գնողունակության ցուցիչն է և որը վերջին երկու տարիներին անկում էր արձանագրել, այս տարվա երկու ամիսներին աճել է 9.6%-ով: Ավելի քան 22%-ով էլ աճել է արտաքին առևտրաշրջանառության ծավալը: Բանից պարզվում է, սակայն, ինչպես մի շարք տնտեսագետներ են նշում, որևիցե իրական հիմք`ենթադրելու, թե այս կարճ ժամանակահատվածում տեղի է ունեցել իրական տնտեսական աճ երկրում, գոյություն ունենալ չի կարող, ինչը, բնականաբար, շատ ավելի հիմնավոր է հնչում, քան այն թվերը, որոնք նախընտրական այս բուռն շրջանում իշխանությունները փորձում են ճշմարտության տեղ ներկայացնել ժողովրդին: Թե ինչի հետ է կապված այս վիճակագրական աճպարարությունն, իհարկե, պարզ է. ձայներ են հարկավոր, ու արվում է ամեն բան`այդ ձայները ժողովրդից ցանկացած եղանակով կորզելու համար: Մի բան, սակայն, հստակ է. ոչ մի թիվ, տոկոս կամ վիճակագրություն չի կարող ազդել հասարակական տրամադրությունների վրա, եթե իրականում ժողովուրդը վատ է ապրում: Միայն քարոզարշավը բավական է` պատկերցում կազմելու համար, թե ինչ վիճակում են հայտնվել հատկապես մարզաբնակ քաղաքացիները. մի ողջ ժողովրդի իսկական մուրացկանության են դատապարտել ու հիմա ուզում են հոգեբանական թակարդներ հյուսելով ձաներ փախցնել. անկասկած, չի ստացվի:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.